Տիկ Ալինա Արուշանեան Արցախէն է
02.09.2024 | 21:45
Տիկ Ալինա Արուշանեան Արցախէն է: Ան այսօր հաստատուած է Հայաստան՝ տեղահանուած ըլլալով Արցախէն, ինչպէս բոլորը: Տիկ Ալինան կրթական գործիչ է եւ իր կեանքի կոչումը դաստիարակութիւնն է: Կը բաժնեմ ձեզի հետ իր նամակ-գրութիւնը որ ղրկած է ինծի: Շնորհակալութիւն տիկ Ալինա այս գրութեանը համար:
Բարի երեկո Ձեզ, Պրն Հրայր Ճեպեճյան։
Ներողություն եմ խնդրում Ձեզ ուշ արձագանքելու համար։
Հային տված է ունենալ երկու հայրենիք, ապրել օտարության մեջ ու զգալ մայր հայրենիքի կարոտը։Հետաքրքիր զգացողություն է, գիտեք, ունենալ երկու հայրենիք (սփյուռքում ապրողներդ ինձ լավ կհասկանաք), երբ մտածում ես երկու երկրի ապագայի մասին էլ, անհանգստանում ես նրանց ճակատագրով, սիրում ես երկուսն էլ, բայց միշտ սիրտդ զարկում է, երբ այդ օտարության մեջ հայկականն ես տեսնում, երբ ականջիդ հայկական երգ է լսվում ու ակամա սկսում ես երգել, երբ կողքից հայերեն խոսակցություն ես լսում ու ժպտում ես։Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, ջանքերով նպաստել են արդարության վերականգնմանը: Ձեր կողմից հրաշալի աշխատանքներ են տարվում հայանպաստ գործունեության ուղղությամբ:
Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողությունների, արդյունքը միշտ տեսանելի է լինում:
Ձեր լայնածավալ գործողությունն արժանի է մեծագույն հարգանքի և գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք առաջնորդվել համազգային շահով և արդարությունը վերջնական հանգրվանին հասցնելու դժվարին առաքելության խորին գիտակցումով: Մենակ օտարության մեջ ապրած ու ապրող հայերը կհասկանան, թե օտար երկրներում ինչքան դժվար է պահպանել հայությունը, հայ ավանդույթները, լեզուն, գրականությունը, նամանավանդ այն ժամանակ, երբ շրջապատված ես օտարազգի մարդկանցով, բայց ամենակարևորը ցանկությունն է, հոգին հայ պահելն է ու ազգին նվիրվածությունն է։
Հայը կմնա հայ, քանի դեռ մտածում է հայերեն, իսկ երբ դադարում է մտածել հայերեն, դադարում է նաև խոսել, դադարում է հետևել ավանդույթներին, մնում է միայն ազգանվան վերջին “յան”-ը, որով տարբերվում է մյուս ազգություններից, բայց ցավոք ,երբեմն դա էլ են փոխում։
Այ’ո, դժվար է պահպանել հայությունը, բայց ավելի դժվար է հրաժարվել նրանից, երբ երակներումդ հայի արյուն է, երբ ապուպապերիցդ ժառանգել ես հայի գեները, հայի ուժն ու քաջությունը, երբ առաջին բառդ հայերեն է եղել, հայերեն է երգել մայրդ օրորոցային ու ականջներդ Շերամի, Հավասու, Կոմիտասի, Սայաթ Նովայի ու էլի շատ շատերի երգերն են լսել։
Անթիվ զրկանքներ ու տանջանքներ ենք տեսել, անթիվ կորուստներ ու ցավ ենք ունեցել, արար աշխարհով տարածվել ու ապրել ենք, բայց պահպանել ենք մեր ինքնությունն ու հայ լինելը, որովհետև հայն ուրիշ է, ուրիշ ոչ մի երկրում մայր Արարատ լեռ չկա, ուրիշ ոչ մի երկրում մատյան, մագաղաթ չկա, չկա հայի մարդասիրությունն ու թասիբը, քաջությունն ու հայրենասիրությունը: Հայի գենն ուրիշ է, որ ամեն անգամ ուրիշ երկրում հայի անուն լսելուց, սիրտդ, կարծես, դուրս է թռչում, ուզում ես վազես, գրկես, որ կարոտդ առնես քո երազանք դարձած երկրից:
Դուք սփյուռքի զավակ եք։ Դուք չեք ծնվել Մայր Հայրենիքում, այլ հայրենիքը ծնվել է Ձեր մեջ։
Պրն Հրայր Ճեպեճյան, ամեն անգամ հետևելով Ձեր եռանդուն և ստեղծագործական գործունեությանը` հիացմունքով եմ լցվում։ Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ,ուժ, կորով, քաջառողջություն, ստեղծագործական նորանոր բարձունքներ։
Հրայր Ճեպեճյան
Մեկնաբանություններ